Ուշադրություն՝ Բեռտայի տեսախցիկից հիմա թռչուն կթռնի
Մշակույթ
17:07 12/06/2025

Ուշադրություն՝ Բեռտայի տեսախցիկից հիմա թռչուն կթռնի

   
 

Panorama.am.- Բեռտա Մարտիրոսյան, լուսանկարիչ, արշավորդ, բնության գիտակ, և վերջապես՝ գեղեցկուհի )  Ձեր լուսանկարները ապշեցնում են։ Նույնիսկ առաջին հարցն է դժվար ընտրել որ մեկը լինի՝ ձեր տեսախցիկի, թե բուն ընթացքի մասին )

Ես համոզված եմ ձեր աշխատանքի բարձր օգտակարության մեջ՝ նայում եմ լուսանկարներին ու մտածում՝ մեր բնությունը ինչքան հարուստ, ինչքան սիրուն է, մի՞թե այսպիսի թռչուններ ունենք, զարմանալի է։ Դուք նախօրո՞ք գիտեք իրենց մասին, թե գտնում, լուսանկարում, հետո արդեն գրքերից եք կարդում, թե ում եք նկարել։

Բեռտա.- Երբ գնում եմ նկարելու, գիտեմ արդեն այդտեղ ինչ տեսակներ կարող եմ հանդիպել, ու երբ նկարում եմ, գիտեմ ինչ տեսակ եմ նկարում։ Ամեն տեսակ ունի առանձնահատկությունը, սեզոնայնությունը։ Նախապես դրանք իմանալով լավ լուսանկարեր ստանալու հավանականությունը մեծանում է։

 

 Panorama.am.- Ես երբեք չեմ տեսել այդքան ու այդպիսի թռչուններ Հայաստանում, ինչպիսիք տեսնում եմ ձեր լուսանկարներում։ Կամ՝ տեսնել չգիտեմ։ Ինչպե՞ս եք գտնում նրանց։

Բեռտա.- Սովորում եմ։ Երբ ինչ-որ բանի մասին շատ ինֆորմացիա ես ունենում, ավելի շատ ես ուշադրություն դարձնում ու դրա շնորհիվ ավելի ես սկսում նկատել, տեսնել։ Ընթացքում էլ է տեսնելու կարողությունը զարգանում։ Արդեն հինգ, նույնիսկ ավել տարի է, որ զբաղվում եմ վայրի թռչունների ու կենդանիների լուսանկարչությամբ, այնպես որ՝ նկատելու կարողությունս բավական զարգացել է։   

 

 

Panorama.am.- Ավելի շատ քայլու՞մ եք, թե ավելի շատ՝ «դիրքավորվում»։

Բերտա. - Նախընտրում եմ քայլել, բայց կան տեսակներ, որոնց լուսանկարելու համար մի տեղում սպասելը ավելի արդյունավետ է։ Դրանք այն թռչուններն են, որ բնադրման ժամանակ կապված են բնի հետ, ու եթե բնի տեղը գիտես, ավելի լավ է այդ շրջանում սպասել, որովհետև այսպես, թե այնպես վերադառնալու են բուն ու տեսնելը ավելի հեշտ է։

 

Panorama.am. -Ինչպե՞ս որոշեցիք հենց այդ լուսանկարչությամբ զբաղվել։

Բեռտա. - Միշտ հետաքրքվել եմ կենդանիներով, տարբեր հաղորդումներ էի նայում վայրի բնության մասին մանկուց։  Սկզբում, որպես լուսանկարիչ, թռչուններ  չէի նկարում, թեպետ՝ դիմանկարներ եմ շատ նկարել, կոնցեպտուալ լուսանկարչությամբ եմ զբաղվել, նույնիսկ փաստագրական լուսանկարչությամբ կարճ ժամանակ։ իսկ երբ սկսեցի բնություն նկարել, իմ երկու սիրած զբաղմունքները միավորվեցին՝ լուսանկարչությունը, որի փորձն արդեն ունեի, ու կենդանիները, որ ինձ միշտ հետաքրքիր են եղել։ Նաև՝ կենդանի նկարելը ենթադրում է շատ ժամանակ անցկացնել բնության մեջ, սարերում, ինչը ես էլի շատ եմ սիրում։ Բոլոր բաղադրիչները միացան ու դարձան հենց այն, ինչ հիմա անում եմ։   

 

  

Panorama.am. - Լավ՝ տեսախցիկի մասին էլ. Հատու՞կ է, թե ձեր ձեռքին է հատուկ դառնում )

Բեռտա. - Ճիշտը որ ասեմ՝ սկսել եմ շատ վատ լուսանկարչական ապարատով։ Տարիների ընթացքում մի քանի կամերա եմ փոխել ու օբյեկտիվ, հիմա տեսախցիկս բավական լավ որակի է։ Բայց տեսախցիկը ընդամենը գործիք է, իսկ կարևորը տեսնելն է, որովհետև հեռախոսով եմ նկարում, ու չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել՝  հեռախոսով է նկարած, թե տեսախցիկով։ Լուսանկարչություն որքան էլ... տեխնիկական արվեստ ասեմ, հա՞, լինի, միևնույն է՝ հիմնական գործոնը կադրը տեսնելն է, կոմպոզիցիոն իրեն ճիշտ ձևակերպելը, ճիշտ լույսով նկարեը, ու մնացածը )

 

 

 

Panorama.am.- Ձեր աշխատանքի արդյունքը համ հիասքանչ է, համ ճանաչողական։ Համ սիրել է տալիս բնությունը, համ՝ գնահատել։
Շնորհակալ եմ ձեր աշխատանքի ու հարցազրույցի համար։
- Ես էլ եմ շնորհակալ։

 



Զրուցեց՝ Անահիտ Ոսկանյանը։ 
Ավելի շատ լուսանկարներ կարող եք տեսնել Բեռտա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում ու արդեն՝ գրքում։

 Հարցազրույցում ընտրված լուսանկարներում կան՝ 
 

Տափաստանային հողմավար բազե/Lesser kestrel  գրանցված է ՀՀ կարմիր գրքում

Մարգագետնային մկնաճուռակ/Montague's harrier

Որսացել էր դաշտային արտույտի ճուտիկ. գրանցված է ՀՀ կարմիր գրքում 

Որորակտուց ջրածիծառ/Gull-billed tern

Կտուցին խճճված ձկնորսական ցանցի կտոր էր , գրանցված է ՀՀ կարմիր գրքում 

Արագիլը օձ (Ջրային լորտու) էր որսացել

Մորուքավոր անգղ/Bearded vulture , գրանցված է ՀՀ կարմիր գրքում

Անդրկովկասյան սահնօձ

Բեզոարյան այծ/Bezoar goat

Երկնագույն երաշտահավ/Blue tit

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուշադրություն՝ Բեռտայի տեսախցիկից հիմա թռչուն կթռնի